Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Սիրիայում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահում Սիրիայի Կամիշլի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:
«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ՝ Հալեպ և Հասաքե: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ: