Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցրել է աշխարհին, որ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի սկսած «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունն իրականացվում է ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման նպատակով: Այս գործողությամբ նա մտադիր է ստեղծել անվտանգության գոտի, որտեղ կարող են վերադառնալ բազմաթիվ սիրիացի փախստականներ:
ԵՄ-ն, այնուամենայնիվ, կոչ է արել Անկարային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: «Չնայած Թուրքիայի անվտանգության մտահոգություններին՝ Հյուսիսային Սիրիա ներխուժելը միայն կբարձրացնի քաղաքացիական անձանց տառապանքը: ԵՄ-ն ֆինանսապես չի օգնի Անկարային՝ ստեղծելու անվտանգության գոտի»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ գործողությունը սկսելուց առաջ հեռախոսով հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Վլադիմիր Ջաբարովի՝ Ռուսաստանը չի միջամտի Անկարայի և Դամասկոսի միջև հակամարտությանը. ռուսական զինված ուժերը Սիրիայում են գտնվում այլ նպատակներով, և թուրքական գործողությունը նրանց չի սպառնում:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Անկարան ռազմական գործողություններ սկսելու մասին իրազեկել է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին:
ԱՄՆ դեմոկրատ և հանրապետական սենատորները պահանջել են, որ նախագահ Թրամփի վարչակազմը մամուլի ասուլիս անցկացնի Սիրիայի իրադրության հարցով: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ էր համարել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը, քանի որ ԱՄՆ զորքերի մուտքը Մերձավոր Արևելք համարել էր «պատմության ամենավատ որոշումը»:
Սիրիայի իշխանությունը Թուրքիայի գործողությունը որակել է «ներխուժում սիրիական տարածք» և ստեղծված իրադրության համար մեղադրել քրդերին:
Սիրիայի հեռուստաընկերությունն էլ հայտնել է, որ օդային հարձակումների հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակիչների շրջանում: