Այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տվյալներով՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթին կմասնակցեն 196 պատվիրակություններ, դրանց թվում՝ պետությունների 91 ղեկավարներ, 6 փոխնախագահներ, կառավարությունների 45 ղեկավարներ, 5 փոխվարչապետներ, 44 նախարարներ:
Այս տարի աշխարհի առաջնորդները կմասնակցեն 5 գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների՝ խթանելու կլիմայական փոփոխությունների դեմ ուղղված գործողությունները և արագացնելու կայուն զարգացման առաջընթացը: Միջոցառումներն անցկացվելու են՝ «Գործողություն մարդկանց և մոլորակի համար. 1 շաբաթ - 5 գագաթնաժողով,17 նպատակ» կարգախոսի ներքո։