Գլխավոր ինտրիգն այն է, թե ովքեր են երկուսը ՝չորսից, որոնք երկրորդ փուլում կշարունակեն պայքարել նախագահի աթոռի համար:
Ֆրանսիան իր պատմության ամենաանկանխատեսելի ընտրության առաջ է. միլիոնավոր ֆրանսիացիներ քվեախուց են մտնում՝ որոշելու, թե ո՞վ պետք է Ելիսեյան պալատում փոխարինի նախագահ Օլանդին:
Ընտրապայքարի չորս ֆավորիտների վարկանիշը գրեթե հավասար է: Ենթադրվում է, որ նրանցից ոչ ոք ընտրության առաջին փուլում 50 տոկոս ձայն չի ստանա: Գլխավոր ինտրիգն այն է, թե ովքեր են երկուսը ՝չորսից, որոնք երկրորդ փուլում կշարունակեն պայքարել նախագահի աթոռի համար: Քվեարկության արդյունքի անորոշությունը ցրելու համար, շատ կարեւոր է , որ ընտրողները սովորականից ավելի ակտիվ մասնակցեն քվեարկությանը: Մինչդեռ երկրում արտակարգ դրություն է եւ շատերը հնարավոր է զգուշանան ընտրատեղամաս գնալուց: Ֆրանսիայով մեկ անցկացվում են քվեարկությանը մասնակցելու արշավներ, որոնք առաջնորդում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ տաքսու վարորդներն ու բարմենները: Մի շրջանում տաքսիստներն առաջարկում են ընտրողներին անվճար ընտրատեղամաս տանել, մեկ այլ քաղաքում բարմենը անվճար խմիչք է խոստանում քվեարկած քաղաքացիներին: Ստասբուրգում էլ՝ մշակութային մի կազմակերպություն ակտիվ համայնքների մրցույթ է անցկացնում՝ խոշոր պարգեւ խոստանալով հաղթողին: