Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Երևանի «Հանրապետական» ստադիոնում ավարտվեց Աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը:
Մեր հավաքականը ընթացիկ մրցաշարում առաջին երեք միավորը վաստակեց՝ կամային հաղթանակ կորզելով խմբի առաջատարներից մեկի հետ պայքարում:
Սակայն սկիզբը ամենևին էլ խոստումնալից չէր: Նախ՝ 36-րդ րոպեին հյուրերի խաղացող Կոշաևիչը գրավեց դարպասապահ Արսեն Բեգլարյանի դարպասը՝ վերջինիս թույլ տված վրիպումից հետո: Երկու րոպե անց Ստեֆան Յովետիչը խորքից ստացած փոխանցումից հետո մեն-մենակ մնաց Բեգլարյանի հետ ու կրկնապատկեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը: 50-րդ րոպեին Արտակ Գրիգորյանը անհատական անցումով հետ բերեց մեկ գնդակ:
Հայաստանի հավաքականն անընդհատ գրոհում էր, և 70-րդր րոպեին գրոհներից մեկն ավարտվեց Վարազդատ Հարոյանի դիպուկ հարվածով՝ 2:2: Թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, սակայն բառացիորեն վերջին վայրկյաններին Գևորգ Ղազարյանը հեռվից հարվածով խփեց հաղթական գնդակը:
Սա Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ հավաքականի առաջին խաղն էր ու առաջին տնային հաղթանակը՝ վերջին երեք տարվա մեջ: Հաջորդ խաղը հավաքականը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երևանում, Ղազախստանի հավաքականի հետ: