Բերքահավաքի սեզոնին հակառակորդը շարունակում է սահմանին որոշակի լարվածություն առաջացնել:
Հուլիսի 6-ի երեկոյան՝ ժամը 21:00-ի սահմաններում, հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի բնակավայրերն ու կրակ բացել սահմանային հենակետերի ուղղությամբ: Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը հայտնել է, որ հակառակորդը նախ սկսել է կրակել գյուղին մոտ տեղակայված հայկական դիրքերի, ապա գյուղի ուղղությամբ:
Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր է արձակել նաեւ Դովեղի համայնքի ուղղությամբ: Գնդակոծությունը տեւել է մոտ կես ժամ: Գնդակները դիպել են հենապատերին, ընկել բնակելի տան տարածքում:
Բերդավան գյուղի ղեկավար Արարատ Գաբրիելյանը Առաջին ալիքի հետ զրույցում նշեց, որ կրակոցները եղել են միայն համայնքին մոտ մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական զինուժի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքով՝ հուլիսի 6-ին եւ 7-ին մարզի այլ համայնքերում կրակոցներ չեն հնչել: Բայց բերքահավաքի սեզոնին հակառակորդը շարունակում է սահմանին որոշակի լարվածություն առաջացնել: Հունիսի վերջին եւ հուլիսի առաջին օրերին ադրբեջանական դիպուկահարները կրակ են բացել սահմանամերձ Կոթիի հացահատկի դաշտերի, աշխատող գյուղացիների, կոմբայնի ուղղությամբ: