Հայրենի սահմանը անառիկ պահելու համար կյանքը չխնայած հայ զինվորներից մեկի՝ Արարատ Խանոյանի անունն այսուհետեւ կկրի այն դպրոցի դասարաններից մեկը, որտեղ սովորել է նա:
Հուլիսի 31-ին Հայաստանի հյուսիսային հատվածում հակառակորդի կատարած դիվերսիոն հարձակումը ձախողվեց հայ զինվորների մարտական բարձր պատրաստվածության շնորհիվ: Դիրքերում, հերթապահություն իրականացնող տղաների մեջ էր նաև ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանը:
Ոսոխի առաջխաղացումը կանխելու համար երիտասարդ մարտիկը չխնայեց նույնիսկ սեփական կյանքը: Արարատի օրինակով հիմա նրա հարազատ Սարդարապատի դպրոցում կրթվում են հայոց բանակի ապագա զինվորները: Դպրոցի հայոց լեզվի և գրականության դասասենյակն էլ անվանակոչվել է հերոսի անունով: