Եթե Լիտվայի տարածքում միջուկային զենք տեղակայվի, այդ երկիրը կդառնա ռուսական միջուկային զենքի թիրախ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Ռուսաստանի «Առաջին ալիքի» հետ հարցազրույցում ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին։
Միջուկային զենքի հնարավոր տեղակայման վերաբերյալ Վիլնյուսի ծրագրերը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն անվանել է «շատ լուրջ շրջադարձ լարվածության և իրավիճակի սրման առումով»:
Հուլիսի 7-ին Լիտվայի Սեյմը համաձայնել է քննարկել օրինագիծը, որով առաջարկվում է Սահմանադրությունից հանել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը: Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու համար պետք է ստանալ 141 պատգամավորից 94-ի համաձայնությունը: Ընդ որում, օրինագիծը կարող է քվեարկության դրվել երկու անգամ երեք ամիս ընդմիջումով: Քննարկումը, ըստ էության, նախատեսված է աշնանային խորհրդարանական նստաշրջանում:
Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է միանալու ՆԱՏՕ-ի միջուկային զսպման համակարգին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին: