ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել դադարեցնել Հորմուզի նեղուցի շրջանում իրանական թիրախներին հարվածները, քանի որ այդ հարձակումները հասել են իրենց արդյունավետության սահմաններին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Քուփերի, ինչպես նաև մյուս խորհրդականների առաջարկությունը, ազդել է Թրամփի՝ Իրանին ԱՄՆ հարվածները դադարեցնելու որոշման վրա։
Երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ Թրամփը հրամայել է զինվորականներին դադարեցնել կրակը և չհարվածել իրանական թիրախներին Իրանի հարավային ափի մոտ և Հորմուզի նեղուցի շրջանում։
Աղբյուրների խոսքով՝ այս շաբաթվա սկզբին Քուփերը Պենտագոնին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեին և Սպիտակ տանը ներկայացրել է իր առաջարկությունները հետագա գործողությունների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում երկշաբաթյա հարվածները զգալիորեն նվազեցրել են նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունը, ռմբակոծությունների հիմնական թիրախները մեծ մասամբ սպառվել են:
Միևնույն ժամանակ, CENTCOM-ի ղեկավարը նշել է, որ հնարավոր հաջորդ քայլը կարող է լինել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը, որպեսզի ավարտվի թիրախների 20%-ի ոչնչացումը, որոնք ամերիկացի զինվորականները նշել են, բայց չեն խոցել «Էպիկական ցասում» գործողության ժամանակ: