Միացյալ Նահանգները նոր մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերոջ նկատմամբ, այդ թվում՝ Եվրամիության ապրանքների համար: Այս մասին հուլիսի 23-ին հայտնել է առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի գրասենյակը: Այս քայլի պատճառը նշված պետությունների և տարածքների անկարողությունն է «ներդնել և արդյունավետ ապահովել հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծման արգելքը»:
ԱՄՆ-ի կարծիքով՝ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկած երկրների համար մաքսատուրքերը կկազմեն 10%, իսկ մյուս երկրների համար՝ 12,5%։ Եվրոպական միությունը ներառված է 10% մաքսատուրքի ցուցակում, Ռուսաստանն ու Չինաստանը՝ 12,5%-ի։
ԱՄՆ-ի տվյալներով՝ նոր սակագները վերաբերում են բոլոր ներմուծումների 99.4%-ին։ Բացառություն են կազմում պողպատը և ալյումինը, որոնց վրա արդեն կիրառվում են այլ մաքսատուրքեր։ Նավթը և գազը նույնպես ազատված են այս պատժամիջոցներից։
Փաստորեն, նոր սակագները փոխարինում են այն ժամանակավոր գլոբալ տուրքերին՝ 10%-ի չափով, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս իրավունք չունի գանձել օրենքով նախատեսված 150-օրյա ժամկետի լրանալու պատճառով: 1974 թ. առևտրի մասին օրենքը Սպիտակ տան ղեկավարին իրավունք է տալիս վճարներ սահմանել մինչև 15% և մինչև 150 օր ժամկետով՝ «վճարային հաշվեկշռի զգալի և լուրջ պակասուրդի» դեպքում: