ԱՄՆ զինված ուժերը չորեքշաբթի երեկոյան հայտարարեցին Իրանի դեմ նոր հարվածների մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի համաձայնագրի ժամկետը լրանալու մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց։ Ռազմական սրացումը պայմանավորված էր Հորմուզի նեղուցում առևտրային նավերին Իրանի հարվածներով։
«Գերագույն հրամանատարի ցուցումով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը սպառնալու` նրա կարողությունը թուլացնելու համար։
Միացյալ Նահանգները պատասխանատու է համարում Իրանին այս կենսականորեն կարևոր միջազգային ջրային ճանապարհով ազատորեն նավարկող առևտրային նավերի և քաղաքացիական անձնակազմի դեմ վերջերս իր անարդարացի ագրեսիայի համար», - ասվում է սոցիալական ցանցերում հրամանատարության տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Truth Social-ում գրել է․ «Սա վրեժ է Իրանի կողմից երեկ նավերի ռմբակոծության համար։ Եթե դա կրկին պատահի, շատ ավելի վատ կլինի»։
Պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդել է պայթյունների մասին Իրանի հարավային ափի մի քանի քաղաքում՝ Հորմուզի նեղուցի մոտ, այդ թվում՝ Բանդար Աբբասում, որտեղ գտնվում են երկրի ամենամեծ նավահանգիստը և Իրանի նավատորմի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևոր օբյեկտները։
Հարվածներից տուժել են նաև Չաբահար, Քոնարակ և Սիրիկ քաղաքները, ինչպես նաև Լավան կղզին: Չաբահարի որոշ շրջաններ հոսանքազրկվել են։ IRIB պետական հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքում հարձակման են ենթարկվել երկու նավամատույց և ծովային կառավարման աշտարակը:
Պետական Press TV-ն հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Իրանի հարավ-արևելքում գտնվող Իրանշահր քաղաքի օդանավակայանի տերմինալի շենքում և թռիչքուղու վրա: IRNA-ի փոխանցմամբ՝ օդանավակայանում զոհվել է մեկ հրշեջ, իսկ թռիչքների կառավարման շենքը և օդերևութաբանական կայանը վնասվել են:
Ըստ Tasnim լրատվական գործակալության` հրթիռը վնասել է երկրի հյուսիսում գտնվող երկաթուղային կամուրջը: Պայթյունների ձայներ են լսվել նաև Բուշերում: Այս նավահանգստային քաղաքում է գտնվում Ռուսաստանի հետ համատեղ կառուցվող ատոմակայանը: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին կից «Նուռնյուզ» գործակալությունը հայտարարել է, որ կայանը չի վնասվել:
Ռազմական աղբյուրին հղում անելով՝ գործակալությունը հաղորդել է, որ Իրանը շուտով կվերսկսի «զանգվածային հարձակումները» տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա: