Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն ութ ամսից մի փոքր ավելի պաշտոնավարելուց հետո անսպասելի հայտարարել է իր հրաժարականի մասին։ «Այն պահին, երբ ինձ համար պարզ դարձավ, որ այլևս չեմ կարող կատարել իմ մանդատը՝ հակառակ իմ սկզբունքներին և համոզմունքներին, որոշեցի հրաժարական տալ»,- գրել է Մունտյանուն Ֆեյսբուքում։
62-ամյա քաղաքական գործիչը կոնկրետ պատճառը չի նշել։ Անկուսակցական ներդրումային բանկիրը պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի նոյեմբերին։ Նրա հրաժարականը ավտոմատ կերպով ենթադրում է ամբողջ կաբինետի լուծարում։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Մոլդովայում կառավարական ճգնաժամ է սկսվել։ Սկանդալը բռնկվել է, երբ պետական ձեռնարկություններում հայտնաբերվել են չարաշահումներ աշխատանքի տեղավորման ժամանակ, աշխատակիցների անհիմն վճարումներ և այլ խախտումներ:
Մունտյանուի կառավարությունը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կաբինետի ձևավորումը։ Նախագահ Մայա Սանդուն մտադիր է հաջորդ շաբաթ առաջադրել վարչապետի նոր թեկնածու՝ խորհրդարանի խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո։ Նրա արևմտամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում։
Մոլդովայի օրենսդրության համաձայն՝ ընտրված քաղաքական գործիչը 15 օրվա ընթացքում պետք է կառավարություն ձևավորի և խորհրդարանում վստահության քվե ապահովի: