Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը․ քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու առկա խնդիրները։
Նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, պետական կառույցների, ոլորտային հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր խոսքում ընդգծել է ոլորտում համակարգված և շարունակական աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ բռնության կանխարգելումը պահանջում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցություն։ Նա կարևորել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայությունների հասանելիության ապահովումը և առաջնային օղակի մասնագետների կարողությունների զարգացումը։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն իր հերթին նշել է, որ ընտանեկան և կենցաղային բռնությունը ոչ միայն սոցիալական և իրավական, այլև հանրային առողջապահական կարևոր խնդիր է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ անձի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Նա կարևորել է բուժաշխատողների դերը բռնության ենթարկված անձանց վաղ հայտնաբերման, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և համապատասխան ծառայություններին ուղղորդման գործընթացում։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բռնության ենթարկված անձանց բժշկական և հոգեբանական աջակցության, ինչպես նաև առողջապահական ոլորտի մասնագետների վերապատրաստման հարցերին։ Քննարկվել են նաև ծառայությունների հասանելիության բարելավման և շահագրգիռ կառույցների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հանդես են եկել մի շարք առաջարկներով։
Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը կազմակերպվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում։