Հունիսյան խորհրդարանական ընտրությունները քաղաքական առումով մի քանի առանձնահատկություն ունեին, սակայն դրանցից ամենաառանցքայինը քաղաքագետները համարում են ընտրակաշառքի բաժանումը, որ տեղի ունեցավ ոչ թե իշխանության կողմից, ինչպես սովորաբար եղել է 2018-ից առաջ, այլ ընդդիմության:
Ընդ որում, ըստ մասնագետների, կաշառքը մեծ ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. կոնկրետ չափը հաշվարկելը, իհարկե, դժվար է, սակայն երկու մեթոդով հաշվարկի արդյունքում պարզել են, որ այդ ազդեցությունը ընտրելու իրավունք ունեցողների մոտավորապես 8-10 տոկոսի չափով է: Սա միայն կաշառքի արդյունքում:
Արտերկրից Հայաստան բերվածներն այս թվում ներառված չեն:
Ի՞նչ պետք է անի իշխանությունն այս պարագայում: Նույն իրավիճակը մյուս ընտրություններին չունենալու համար օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել պատրաստվում կառավարող մեծամասնությունը, սակայն քաղհասարակությունը պնդում է՝ օրենսդրական շատ բացեր հնարավոր էր ավելի վաղ նախաձեռնել և արգելել կաշառք բաժանողների գրանցումը, որպեսզի այդպիսի ուժերը հնարավորություն չունենային մեր երկրի պատմություն վերադարձնել կաշառքով ընտրելու և այդ իրավունքը գլխաքանակի վերածելու մինչհեղափոխական ավանդույթը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան