«Առողջության ապահովագրության հավակնոտ, 3 տասնամյակ ձգձվող ծրագիրն իրականություն դարձավ մեր բոլորիս` բժշկից, առողջապահական կազմակերպչից մինչև բուժքույր մայրապետ, համատեղ ջանքի շնորհիվ: Շնորհավորում եմ ու շնորհակալ եմ»,- Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը, ողջունելով ներկաներին, նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Խոսելով ոլորտում իրականացվող բարեփոխումներից` նախարարն ընդգծել է համակարգի կուռ ու միասնական լինելը, որն էլ դառնում է ամուր հիմք` դիմակայելու մարտահրավերներին ու գրանցելու ձեռքբերումներ:
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է շարունակաբար իրականացվող ենթակառուցվածքների զարգացմանը, վերազինմանը, լիցենզավորման գործընթացին, բուժաշխատողների համար լավագույն պայմանների ապահովմանը` դրանք համարելով նախարարության առաջնահերթ ուղղություններից:
Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններից Գավառ եկած բուժաշխատողները, հյուրերը շրջել են Գավառի բժշկական կենտրոնում, որը, ինչպես այլ մարզային բուժկենտրոնները, համալրվում է նորագույն բուժսարքավորումներով, պրոֆեսիոնալ մասնագետներով, ու շարունակ ներդրվում են նոր ծրագրեր:
Նախարարը կարևորել է նման միջոցառումներին մարզային նշանակություն տալը, նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել Բուժաշխատողի օրը մարզերում տոնելը` անցյալ տարի Գյումիրում, այժմ` Գավառում: