Շվեյցարիայի Բուրգենշտոկ հանգստավայրում այսօր՝ հունիսի 19-ին, նախատեսված ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունները չեն կայանա՝ հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ իշխանությունները նախկինում հայտարարել էին հունիսի 19-ին Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրման արարողություն անցկացնելու մտադրության մասին, սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության կարծիքով՝ նման արարողության անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ երկու երկրի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը հունիսի 18-ին առանձին ստորագրել են փաստաթուղթը։
Նախօրեին կողմերն արդեն պլանավորել էին հանդիպել։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բուրգենշտոկում կհավաքվեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև Պակիստանի և Կատարի միջնորդները։
Հունիսի 19-ի գիշերը, սակայն, Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Շվեյցարիա այցի չեղարկման մասին: «Փոխնախագահն այսօր երեկոյան չի մեկնի: Մենք ակնկալում ենք տեխնիկական քննարկումներն սկսել հնարավորինս շուտ»,- ասել է Սպիտակ տան խոսնակը:
Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ տեխնիկական բանակցությունների ծրագրերը դեռևս վերջնականապես չեն որոշվել՝ չնայած ամերիկյան պատվիրակությունը պատրաստ էր մեկնել «առաջին իսկ հնարավորության դեպքում»։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման հանդիպումների կազմակերպումը «երբեք հեշտ կամ կանխատեսելի չի եղել»։