ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 10-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2025 թվականի բյուջեի կատարողականը:
Հաշվետու տարում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,072,937,000 դրամ:
Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են վերաբաշխումներ: Հաշվետու տարում Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին հատկացվել է 545,516,300 դրամ, ճշտված բյուջեն 7 միջոցառումների գծով կազմել է 7,603,028,300 դրամ, ծախսը` 7,484,585,800 դրամ: Բյուջեն կատարվել է 98,4 տոկոսով, և ճշտված բյուջեի ու կատարված ծախսի միջև շեղումը կազմել է 118,442,500 դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե:
2024 թվականի համեմատ՝ ՀՀ ԱԺ ծախսերն ավելացել են 326,500,000 դրամով կամ 4,6 տոկոսով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը մանրամասնել է Ազգային ժողովի կողմից իրականացված միջոցառումները: «ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 6 մլրդ 705 մլն դրամ, ծախսը՝ 6 մլրդ 685 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99,7 տոկոսով: Ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 19 մլն 700 հազար դրամ:
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 1 մլն 309 հազար դրամ, ծախսը՝ 987,000 դրամ: Վերապատրաստվել է 31 պետական ծառայող, ծրագիրը կատարվել է 75,4 տոկոսով:
«ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման» համար նախատեսվել է 151 մլն 249 հազար դրամ, ծախսը կազմել է 145 մլն 288 հազար դրամ: Բյուջեն կատարվել է 96,1 տոկոսով: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5,961,000 դրամ:
Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում անցկացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը 60 աշակերտների համար, նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերների հետ իրականացվել է դրամաշնորհային ծրագիր 120 մլն դրամի շրջանակում:
«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 134 մլն 980 հազար դրամ, ծախսը՝ 134 մլն 980 հազար դրամ, բյուջեն կատարվել է 99,9 տոկոսով:
«Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 505,308,700 դրամ, իսկ ծախսը՝ 456,082,000 դրամ: Միջոցառման կատարողականը կազմել է 90,3 տոկոս: Շեղումը պայմանավորված է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներով:
«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման հաստատված բյուջեով վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է 78,810,000 դրամ, ծախսը կազմել է 61,900 հազար դրամ, բյուջեն կատարվել է 78,5 տոկոսով: Ապրանքների ձեռքբերման գործընթացներով պայմանավորված՝ տնտեսվել է 16 մլն 900 հազար դրամ:
«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 26,324,000 դրամ: Նշված միջոցառման շրջանակում նախատեսվում էր մարդատար վերելակի կառուցում: Կապալառու կազմակերպության կողմից սահմանված ժամկետում աշխատանքները չեն իրականացվել, և գումարն ամբողջությամբ վերադարձվել է պետական բյուջե: