ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հանդիպել են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2026»-ի հաղթողներին և ժյուրիի անդամներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հաղթող նախագծերի հեղինակներն ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում մասնակցել են «Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանի ներկայացրած «Մթնոլորտային ջրային գոլորշու հարկադիր խտացում՝ օգտագործելով բազմաշերտ գրաֆենով պատված ծակոտկեն կերամիկական հիմքեր» նախագիծն արժանացել է է 3-րդ կարգի մրցանակի: «Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառը համարվում է աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Այս տարի մրցույթին ներկայացվել է 1383 նախագիծ՝ 1727 աշակերտի մասնակցությամբ՝ աշխարհի վեց տասնյակ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԵՄ երկրներից։
Շնորհավորելով գրանցած հաջողությունների առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Համադպրոցական գիտության փառատոնը դարձել է կրթական համակարգի կենսունակ նախաձեռնություններից մեկը, որը հնարավորություն է տալիս բացահայտելու դպրոցականների գիտական ներուժն ու ստեղծարար կարողությունները։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է սովորողների գիտական հաջողությունների տեսանելիության բարձրացումը՝ նրանց օրինակով նաև մյուս աշակերտներին ոգեշնչելու առումով։ Նա ընդգծել է, որ Համադպրոցական գիտության փառատոնը ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային գիտակրթական միջավայր մուտք գործելու հնարավորություն է։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ փառատոնն արդեն անդամակցում է յոթ միջազգային գիտական ցանցերի, իսկ առաջիկայում նախատեսվում է միանալ ևս ութ միջազգային հարթակի, ինչը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի դպրոցների և սովորողների համար։ Անդրադառնալով միջազգային մրցույթների նշանակությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնելու սեփական հետազոտությունները, այլև գնահատելու դրանց մրցունակությունը․ «Գիտությունը միջազգային երևույթ է. մենք չենք կարող Հայաստանում ունենալ բարձրորակ գիտություն, եթե այն սերտորեն կապված չէ միջազգային գիտական ցանցերի հետ։ Աշխատանքի որակի գնահատման հստակ չափանիշներ ունենալու համար անպայման պետք է մասնակցենք հնարավոր բոլոր միջազգային հարթակներին և մրցույթներին՝ տեսանելի դարձնելով մեր աշխատանքը, միջազգային գնահատումների միջոցով բարելավելով ու զարգացնելով մեր երկրում իրականացվող կրթագիտական ծրագրերը»։
Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ժյուրիի անդամներին՝ նշելով, որ նրանց պատասխանատու և պրոֆեսիոնալ աշխատանքն ապահովում է նախագծերի օբյեկտիվ գնահատումը և նպաստում միջազգային հարթակներում մրցունակ աշխատանքների ընտրությանը։ Նախարարի խոսքով՝ 2021 թվականից ի վեր միջազգային մրցույթների ներկայացված 7 նախագծերից 3-ը դարձել են մրցանակակիր, ինչը վկայում է գնահատման համակարգի օբյեկտիվության և արդյունավետության մասին։
Ժաննա Անդրեասյանը ընդգծել է նաև մասնակից դպրոցների աշխարհագրության ընդլայնումը՝ մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու և գիտական գործունեության ուղղությամբ ավելի շատ աշակերտների ներգրավելու նպատակով:
Շնորհավորելով միջազգային մրցույթներում հաջողություններ գրանցած աշակերտներին՝ նախարարը վստահեցրել է, որ պետությունը շարունակելու է աջակցել երիտասարդ գիտնականներին՝ գիտությամբ զբաղվելը դարձնելով գրավիչ ու հեռանկարային մասնագիտական ընտրություն։ «Եթե դպրոցական տարիներին այս հաջողություններից ոգևորված որոշեք շարունակել ձեր ճանապարհը գիտության մեջ, ապա վստահ եղեք, որ Հայաստանը դառնում է գիտությամբ զբաղվելու լավագույն երկրներից մեկը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հակիրճ անդրադարձել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագրին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գիտությունների ազգային ակադեմիային՝ գիտության հանրայնացման, դպրոցականների շրջանում գիտությամբ զբաղվելու մշակույթի ձևավորման և Համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար։ Նա շնորհակալություն է հայտնել նաև աշակերտներին, ուսուցիչներին և ընտանիքներին՝ ընդգծելով, որ հաջողությունները համատեղ աշխատանքի արդյունք են։
Նշենք, որ «Regeneron ISEF-2026» տոնավաճառին Հայաստանից մասնակցել են նաև «Այբ» դպրոցի աշակերտներ Սոֆյա Սեյրանյանը, Մարիա Մելիքյանը և Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով «Sorbroot․ ծանր մետաղների ադսորբցիա ջրից՝ օգտագործելով պլաստիկից ստացված հումիլաթթվի նման մնացորդներ պարունակող սորբենտ» նախագիծը։
«Regeneron ISEF-2026» գիտական տոնավաճառի «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի արժանացած Ալբերտ Շահինյանն առաջիկայում կմասնակցի նաև Լոնդոնում անցկացվող Երիտասարդ գիտնականների միջազգային ֆորումին (LIYSF-2026), որը միավորում է 70–80 երկրների երիտասարդ գիտնականների։
Միաժամանակ, հայաստանյան ևս 2 նախագծեր կներկայացվեն 2026թ․ սեպտեմբերի 22-27-ը Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք «Եվրոպական միության երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթին (The European Union Contest for Young Scientists, EUCYS), որը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և համարվում է Եվրոպայում աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթը։ Հայաստանից կմասնակցեն «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Ղազարյանը և Հովհաննես Մանուկյանը՝ «Էյրիֆայ» նախագծով, ինչպես նաև Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը՝ «Խելացի բիոպլաստիկ» նախագծով: