Մեկ բաց քվեարկության դեպքով ենք հաղորդում ներկայացրել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«Բաց քվեարկության դեպքերը լինում են հաճախ, բայց գնահատման հարց կա. ինչքանով այդտեղ կա կանխամտածվածություն, ինչքանով՝ ոչ: Մի դեպքում 23/30 տեղամասում մենք գնահատում ենք, որ կանխամտածված բաց քվեարկություն է եղել, հաղորդում ենք ներկայացրել»,- նշեց նա:
Իոաննիսյանի խոսքով՝ առերևույթ առանց դիտավորության կրկնաքվեարկության փորձի իրավիճակ է եղել մի տեղամասում, որի վերաբերյալ որոշել են հաղորդում չտալ: «Սա ևս ընտրական հանձնաժողովի և մասնագետների կոմպետենտության խնդիր է: Այդտեղ ոստիկանները զբաղվում են»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
«Դեպք է արձանագրվել, որ ընտրական ցուցակում առկա է եղել արտերկրում՝ Իսպանիայում, մահացած անձ, ինքը ընտրացուցակում է, սրա հետ կապված շատ է աղմուկ բարձրացել, սրա հետ կապված մենք չունենք տվյալներ, որ մահվան վկայականը Հայաստանին հանձնվել է, որպեսզի իրեն ցուցակից հանեին, ամեն դեպքում իր փոխարեն քվեարկություն չի եղել»,- նշեց նա:
Անդրադառնալով մյուս դեպքերին՝ Դանիել Իոաննիսյանն ասաց.
«Հիշարժան դեպքերից էր 32/39 տեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահը ձերբակալվել է առավոտյան ՀԿԿ-ի կողմից, և պրոցեսը սկսվել է առանց հանձնաժողովի նախագահի, ինչը ինչ-որ առումով նախադեպը չունեցող իրավիճակ է, մի քիչ երկակի բան է. մի կողմից եթե առերևույթ է կատարել ընտրական հանցագործություն՝ նորմալ է, որ ձերբակալվել է, բայց մյուս կողմից՝ ընտրական գործընթացի բնականոնությունը կա:
29/23 տեղամասում ամեն ուժից 1000-ական քվեաթերթիկ է անհետացել: Քվեաթերթիկը հատուկ հաշվառման փաստաթուղթ չէ, և քվեաթերթիկը պրինտերի վրա տպված թուղթ է, քանի դեռ իր վրա ստիկերը չկա, դրանով ոչ մի կեղծիք հնարավոր չէ անել, բայց ամեն դեպքում քվեաթերթիկը դա պետական գույք է, մյուս կողմից՝ դա շատ կարևոր է այն տեսանկյունից, որ բա որ քվեաթերթիկները վերջանան, «պռավալ» է լինելու: Ընտրակեղծիք չէ, բայց լուրջ խնդիր է, դրանով հաղորդում ներկայացրել ենք:
23/43-ում զինհոսպիտալում պառկած զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիր է եղել, 10-ից ավելի զինծառայող չեն կարողացել քվեարկել, որովհետև զինծառայողների ցուցակը՝ զորամասի հրամանատարի ներկայացրած, թերի է եղել, և զինծառայողները դրանից դուրս են եղել:
Եղել են տեղամասեր, որտեղ քվեախցիկները վնասված են եղել և չեն բավարարել, պատշաճ տեսքի չեն եղել:
26/21-ում 66 ընտրող օգնողով է քվեարկել, և դա ևս ուսումնասիրության առարկա հարց է, որովհետև դա նորմալ թիվ չէ: Դա պետք է քննության առարկա դառնա:
Եղել են դեպքեր, որտեղ դիտորդների իրավունքները խախտվել են, միջամտության արդյունքում վերականգնվել են, այնուհանդերձ, այդ միջամտությունը ևս ժամանակ է տևել՝ 20 րոպե, կես ժամ մինչև տևել է:
Հանձնաժողովի կոմպետենտության առումում պետք է ևս մեկ անգամ նշեմ, որ շատ-շատ են հանձնաժողովները գրանցամատյանները սխալ լրացրել. այդպիսի դեպքերը, ցավոք, բավականին շատ են լինում, և շատ դեպքեր են լինում, երբ որ պատշաճ չեն արձանագրում խնդիրները։ 2 դեպք է եղել, որ քաղաքացին քվեարկության կտրոնը կորցրել է, բայց դա նախատեսված դեպք է, այդ դեպքով պետք է արձանագրություն կազմվի գրանցամատյանում, բայց հանձնաժողովները հրաժարվել են, հետո թվերի անհամապատասխանության հիմքով հարցեր են լինելու, և արձանագրությունն իրենց կօգներ բացատրել դա, բայց արձանագրություն չեն կազմել:
Այս պահի դրությամբ մեր արձանագրած ամենամեծ խնդիրներից մեկը 12/13 տեղամասում «Ազգային ժողովրդավարական բևեռի» քվեաթերթիկների բացակայության հարցն է. մինչև ժամը 6-ը այդ կուսակցության քվեաթերթիկներ չեն եղել, հանձնաժողովի նախագահը պնդում է, որ ինքը ընտրատարածքային ղեկավարին հայտնել է այդ խնդրի մասին դեռ գիշերը, և միջոցներ չեն ձեռնարկվել: Այս տեղամասում քվեարկության ամբողջ պրոցեսը հարցականի տակ դնող հանգամանք է»: