«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակում է իրականացնել դիտորդություն ամբողջ հանրապետությունում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«Մենք 300 շրջիկ խմբերով և 35 շրջիկ արագ արձագանքման խմբերով հետևում ենք իրադրությանը: Մեր դիտորդները այցելել են արդեն 1830 տեղամաս, ինչը կազմում է տեղամասերի ընդհանուր թվի համարյա 92 տոկոսը, խախտումները արձանագրել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44 տոկոսում: Խախտումները հետևյալ պատկերն ունեն. դիտարկված տեղամասերի 7 տոկոսում՝ ընթացակարգային, դիտարկված տեղամասերի 6 տոկոսում՝ գաղտնիության հետ կապված խնդրներ, դիտարկված տեղամասերի 6 տոկոսում ևս՝ գաղտնիության խախտման չհասցրած, բայց դրա ռիսկը ստեղծող խախտումներ: Ինչ-որ բանավեճ կամ լարված մթնոլորտ՝ դիտարկված տեղամասերի 3 տոկոսում և քարոզչության դրսևորումներ դիտարկված տեղամասերի 3 տոկոսում: Այդ դրսևորումները հիմնականում քարոզչական բովանդակություն պարունակող շապիկներ, գլխարկներ և կրծքանշաններ էին, բայց դրանք հիմնականում օրվա սկզբում էին, արդեն բոլորը լուծված են, այս պահին ոչ մի տեղ չենք տեսնում դրա շարունակությունը: Խախտումների հեղինակները, երբ որ հեղինակներին հնարավոր է իդենտիֆիկացնել՝ մոտ 7,5 տոկոսը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ, մոտ 1 տոկոսը՝ ոստիկանության ծառայողներ, մոտ 7,8 տոկոսը՝ վստահված անձինք և մոտ 9,5 տոկոսը՝ ընտրողներ:
Այն դեպքերում, երբ որ դա հնարավոր է լինում իդենտիֆիկացնել՝ խախտման հեղինակի կուսակցական պատկանելությունը հետևյալն էր. 39 տոկոս դեպքերում խախտման հեղինակն էր «Ուժեղ Հայաստանը», 29 տոկոս՝ ՔՊ, 9 տոկոս՝ «Հայաստան» դաշինքը և մոտ 8 տոկոս՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։
Պետք է ասեմ, որ հերթերի և կուտակումների մասին կան դեռևս դեպքեր, որտեղ հերթեր լինեն, հիմնականում հերթերը պայմանավորված են երկու հանգամանքով․ մեկը ընտրողների շատ բարձր մասնակցությունն է, ունենք շատ բարձր մասնակցություն ընտրությունների, երկրորդն այն է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներից որոշներում էլեկտրոնային գրանցման սարքերի կտրոնների վրա, որ ընտրողի ցուցակի հերթական համարը տպվում է, որը շատ հեշտացնում է ցուցակի առջև նստած հանձնաժողովի անդամի աշխատանքը, երբեմն այդ համարը սխալ է գրված լինում, և դրա արդյունքում հանձնաժողովի անդամը ստիպված է լինում թղթային ձևով գտնել տվյալ ընտրողին, հասցեն, ինչը դանդաղեցնում է պրոցեսը և ավելի է գեներացնում հերթերը»,- նշեց նա: