Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը քաղաքացիական պարտքը կատարել է Ձորաղբյուրի 29/46 ընտրատեղամասում: Քվեարկել է հանուն կայուն ապագայի, հանուն հավասարակշռված խաղաղության, հանուն արժանապատիվ առօրյայի և կենցաղի, որին մեր հանրությունն արժանի է: Գուրգեն Սիմոնյանն ասել է՝ կուսակցությունը պատրաստ է բոլոր երեք սցենարներին՝ թե՛ հաղթանակի, թե՛ պարզապես խորհրդարան անցնելու շեմը հաղթահարելուն ու թե՛ արտախորհրդարանական կարգավիճակում աշխատելուն: Հետընտրական հնարավոր զարգացումների մասին Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածուն ասել է՝ իրենց անելիքները կախված կլինեն գործընթացի վերաբերյալ գնահատականից:
«Հիմա կտեսնենք, Աստծու հաջողությամբ թող ընտրությունների գործընթացը մաքուր անցնի և խախտումները տեսակարար կշռով չգերազանցեն թույլատրելի շեմը, որը կարող էր ազդել վերջնարդյունքի վրա: Եթե նորմալ ընտրություններ լինեն, ապա բոլոր հակադրությունները մենք կփորձենք այնպես անել, որ բախման չբերեն: Բայց լինելու են, ես էլ եմ ակնկալում, որ խնդիրներ կլինեն, որովհետև արդեն հայտարարել են կանխավ, որ չեն ճանաչելու արդյունքները: Կապրենք, կտեսնենք:
Եթե Շնորհապետական կուսակցությունը լուրջ դիրքավորում կունենա այս ընտրություններում և մենք կարձանագրենք որ ընտրախախտում ընդհանրապես չի եղել, մենք բարոյական իրավունք կունենանք հաշտեցնողի կարգավիճակում հանդես գալու»,- ասել է նա: