Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին և կուսակցության նորընտիր վարչության անդամներին։
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է համագումարի անցկացումը և նորընտիր ղեկավար կազմին մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ ազգային ու համահայկական նշանակության նպատակների իրականացման։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ռամկավար-ազատական կուսակցությանը՝ տասնամյակներ շարունակ որդեգրած պետականակենտրոն դիրքորոշումների, ազգային շահերի պաշտպանության գործում ունեցած ավանդի, ինչպես նաև անկախ Հայաստանի պետական ինստիտուտների կայացման և զարգացման հարցերում ցուցաբերած հետևողական աջակցության համար։ Նախագահն առանձնակի կարևորել է կուսակցության գործունեությունը Սփյուռքում՝ հայապահպանության, ազգային ինքնության պահպանման, հայկական մշակույթի զարգացման և համահայկական ներուժի համախմբման ուղղություններով։
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել պետական կառավարման համակարգի արդիականացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական զարգացման և հանրային կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին։
Քննարկվել են նաև Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային և քաղաքական միջավայրը, խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ իրականացվող ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման հեռանկարները։
Անդրադառնալով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է երկրում տիրող ընդհանուր նախընտրական մթնոլորտը և առկա իրողությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական պետության կայացման և զարգացման հիմնարար նախապայման։ Նախագահը կարևորել է քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի լիարժեք իրացումը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը և քաղաքական մշակույթի շարունակական զարգացումը։
Հանդիպմանը վերահաստատվել են ժողովրդավարական արժեքների, պետականության ամրապնդման և համազգային համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի գործում համատեղ ջանքերի նշանակությունը։