Պենտագոնը, ըստ լուրերի, պլանավորում է չեղարկել Tomahawk թևավոր հրթիռների տեղակայումը Գերմանիայում՝ մասամբ ելնելով այն մտավախությունից, որ Մոսկվան դա կընկալի որպես լարվածության սրացում և կդիմի պատասխան քայլի, մասամբ էլ՝ նման համակարգերի պակասի պատճառով, հաղորդել է Politico-ն՝ հղում անելով երկու եվրոպական ու մեկ ամերիկյան աղբյուրի։
Այս քայլը, ինչպես նշում է Politico-ն, համապատասխանում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հեռանալու ընդհանուր միտումին: Վաշինգտոնն արդեն չեղարկել է Գերմանիա 5 հազար զինծառայողի տեղափոխումը, նաև հայտարարել է Եվրոպայում կործանիչների, անօդաչու թռչող սարքերի և ռազմածովային ստորաբաժանումների կրճատման մասին:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ ուժերի հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչն այս շաբաթ հայտարարել է, որ «դաշնակիցները պետք է ստանձնեն Եվրոպայի ավանդական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը», իսկ Միացյալ Նահանգները պետք է իր սարքավորումներն ու անձնակազմը «վերաուղղորդի» այլ տարածաշրջաններ։
Ամերիկացի պաշտոնյաները, Ռուսաստանի արձագանքից բացի, մտահոգված են նաև սպառազինությունների պաշարների նվազմամբ։ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթներին ԱՄՆ-ն հազարավոր Tomahawk և Patriot հրթիռներ է օգտագործել, իսկ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Կոնգրեսին ասել է, որ իրենց պաշարները համալրելու համար «ամիսներ և տարիներ» կպահանջվեն։