ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է մեկ տարվա ընթացքում Գերմանիայից դուրս բերել մոտ 5000 զինվոր՝ հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Պենտագոնի տվյալներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ-ը քննարկում է Գերմանիայում իր զորքերի թիվը կրճատելու հարցը, և որ «որոշումը շուտով կկայացվի»։
ԱՄՆ պատերազմի նախարարության տվյալով՝ 2025 թվականի դեկտեմբերին եվրոպական բազաներում մշտապես տեղակայված էր մոտ 68000 ամերիկացի զինվոր, որոնցից կեսից ավելին՝ մոտ 36400-ը՝ Գերմանիայում։ Համեմատության համար՝ 1985 թվականին, Բեռլինի պատի անկումից և Սառը պատերազմի ավարտից առաջ, Գերմանիայում տեղակայված էր 250000 ամերիկացի զինվոր։
Գերմանիայի կառավարությունը հանգիստ է արձագանքել Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքին՝ Գերմանիայից իր զորքերի մի մասը դուրս բերելու վերաբերյալ։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ Բունդեսվերը և ԱՄՆ-ի բանակն աշխատում են Գերմանիայի ռազմավարական կարևոր օբյեկտներում «ուս ուսի տված, խոր անդրատլանտյան համախմբվածությամբ», ու դա «փոխադարձ օգուտ» է:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն էլ հայտարարել է, որ Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորի դուրսբերման մասին հայտարարությունը կանխատեսելի էր և մատնանշել է ԱՄՆ-ի հետ ընդհանուր շահերը։
Պարբերականը հիշեցնում է, որ Սպիտակ տան հայտարարությունը հնչել է Թրամփ-Մերց բուռն բանավեճից կարճ ժամանակ ան: Մերցն ամերիկյան կողմին մեղադրել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմում ռազմավարություն չունենալու համար, Թրամփն էլ պատասխանել է՝ կանցլերին մեղադրելով Իրանի միջուկային ծրագիրը սատարելու հարցում։