Իրանական պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի Ադրբեջան է տեղակայել էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Մոսադի» գործակալներ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալով՝ իսրայելական զորքերը տեղակայված էին Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ: CNN-ը նշում է, որ Իսրայելը վաղուց է Ադրբեջանը համարում ռազմավարական գործընկեր:
Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ երկրում տեղակայվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին հետախուզությամբ և գործողություններ էին իրականացնում ԱԹՍ-ների օգտագործմամբ: Նրանց տվյալներով՝ Ադրբեջանում գործել են մի քանի տասնյակ իսրայելցի զինծառայողներ և հետախույզներ։ Գործողության նախապատրաստական աշխատանքները, ըստ որոշ տեղեկությունների, սկսվել են Իրանի պատերազմից մի քանի շաբաթ առաջ:
CNN-ը պնդում է, որ դա Մերձավոր Արևելքի տարբեր մասերում, այդ թվում՝ ԱՄԷ-ում և Իրաքում տեղակայված ցանցի մի մասն է՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար:
Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը հերքել է, որ երկրի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ գործողությունների համար: Իսրայելի կառավարությունը և պաշտպանության բանակը չեն արձագանքել CNN-ի հարցմանը: