Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կրիպտոակտիվների ոլորտի տնտեսվարողների հետ առաջին հանդիպում-քննարկումը, որի հիմքում պետություն-տնտեսվարող բաց երկխոսությունն էր՝ ոլորտի հարկային օրենսդրական կարգավորումները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են «Կրիպտո Տնտեսվարողների Միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Հաշվի առնելով կրիպտոակտիվների ոլորտի առանձնահատկությունները՝ հանդիպմանը երկուստեք կարևորվել է գործող կարգավորումների շրջանակում ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման, օրենսդրական կարգավորումների և վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաև տնտեսվարողների և պետական մարմինների միջև կառուցողական համագործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպմանը քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային օրենսդրությանը, մասնավորապես ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների հարկման մեխանիզմների կիրառմանը և հարկման բազաների որոշմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև ոլորտում ծառայություն մատուցողների ԱԱՀ-ով հարկման առանձնահատկություններին։
Ակտիվ քննարկում է ծավալվել նաև Հասարակական կազմակերպության ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ շահութահարկի գործող դրույթներին, ոլորտում առևտրով (թրեյդինգով) զբաղվող ֆիզիկական անձանց հարկմանը և դրանց դրույքաչափերին, նաև կրիպտոակտիվի փոխարկումից ստացված եկամուտների հայտարարագրմանն ու կրիպտոակտիվներով օրինական վճարումներին վերաբերող հարցերի շուրջ։ Միաժամանակ, քննարկվել են կրիպտոակտիվներով գործարքների իրականացման, փաստաթղթավորման, կանխիկ և անկանխիկ գործարքների մասով ՀԴՄ-ների կիրառմանն առնչվող գործընթացները։
Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին տրվել են օրենսդրական կարգավորումներին համապատասխան պարզաբանումներ։
Կարևորելով կրիպտոակտիվների ոլորտում թափանցիկ և օրինական գործունեության իրականացումը՝ քննարկմանն անդրադարձ է եղել ստվերային տնեսության բացահայտմանը, հատկապես հարթակներում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող կամ առանց լիցենզիայի` լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելուն ուղղված դեպքերի բացահայտման ուղղությամբ ՊԵԿ վարչարարությանը, այդ թվում՝ օպերատիվ վերահսկողության միջոցառումներին։ Այս համատեքստում ընդգծվել են տնտեվարողների վարքագծային փոփոխությունը, օրինապահության և կարգապահության բարձրացումը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության կարևորությունը՝ ուղղված կրիպտոակտիվների ոլորտում թափանցիկ, կանխատեսելի և օրինական գործունեության ապահովմանը։