ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի շրջանակում Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի պատվիրակությունը հունիսի 3-4-ը հյուրընկալվում է Երևանում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտներն այսօր համերգային ծրագրով ելույթ են ունեցել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում, այնուհետև մասնակցել են վարպետության դասերի:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել է եղել համերգին և հետևել վարպետության դասերին. «Այս ծրագիրն ավելի խորքային իմաստ ունի. այստեղ առաջնային է մարդկային ներկայությունը՝ համագործակցությունը, միմյանց ճանաչելը, երեխաների շփումները: Սա նաև մեր երկիրը բացահայտելու և ճանաչելու ևս մեկ առիթ է, որովհետև լավ մասնագետ, այս դեպքում՝ լավ երաժիշտ դառնալու համար կարևոր են նաև մարդկային արժեքների յուրացումն ու հայրենասիրությունը»:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպիչներին և աշակերտներին մասնակցության համար և մաղթել բարի ընթացք:
Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը: Նրա խոսքով՝ սա հայրենաճանաչությանը, արժեքներ ստեղծելուն, փոխճանաչություն ձևավորելուն միտված ծրագիր է:
Համերգի ընթացքում ելույթ են ունեցել նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողնվագարանների համույթը և «Բողբողջներ» երգչախումբը:
Այսօր Գորիսի դպրոցականները ներկա կլինեն Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնին՝ Թումանյանի անվան զբոսայգում դիտելով «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:
Հունիսի 4-ին երեխաների համար կկազմակերպվի շրջայց Երևանի տեսարժան վայրերով. նրանք կայցելեն նաև Երևան քաղաքի պատմության թանգարան:
«Քույր դպրոցներ» ծրագիրը գործում է 2019 թվականից․ ծրագրի շահառու են դարձել հանրապետության ավելի քան 60 երաժշտական և արվեստի դպրոցներ և շուրջ 4000 սովորողներ և մանկավարժներ:
Այս ընթացքում Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների միջև ձևավորել է փոխհամագործակցության, ստեղծագործական համատեղ աշխատանքի, առաջավոր փորձով, դասավանդման մեթոդներով փոխանակվելու գործուն հարթակ:
Ծրագիրը նպաստում է մշակութային կրթության տարածքային համաչափ զարգացմանը, մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին համակարգված մեթոդական աջակցության ապահովմանը, ինչպես նաև ոլորտում ավանդույթների պահպանությանը և շարունակական զարգացմանը:
«Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի շրջանակում իրականացվում են փոխայցելություններ, երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներն ու մանկավարժական աշխատողները հանդես են գալիս համատեղ ծրագրերով, ելույթներով, կազմակերպվում են վարպետության դասընթացներ, իրականացվում են ճանաչողական այցեր Երևանի և մարզերի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, մշակութային օջախներ:
Ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության նպատակային ծրագիր։