ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի համալսարաններին կոչ է արել բանասիրական ֆակուլտետներից առանձնացնել ստեղծել առանձին ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետներ: Նախագահն այդ առաջարկը ներկայացրել է Ռուսաց լեզվի և Ռուսաստանի ժողովուրդների աջակցության պետական քաղաքականության իրականացման խորհրդի նիստում:
Պուտինն ընդգծել է, որ շատ համալսարաններում ռուսաց լեզուն և գրականությունը ներառված են բանասիրական ֆակուլտետներում՝ այլ ուղղությունների հետ, այդ թվում՝ արտասահմանյան բանասիրության: Նախագահի խոսքով՝ այդ մոտեցումը «լիովին չի արտացոլում ռուսաց լեզվի կարևորությունը երկրի համար»:
ՌԴ նախագահն աջակցում է «ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի» ուսումնասիրությանը: Նիստի ժամանակ նա ներկայացրել է կառավարության ծրագրերը՝ համալսարանների համար մշակելու կրթական մոդուլ, որի շրջանակներում ուսանողները կուսումնասիրեն «ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակը» և երկրի լեզվական քաղաքականությունը:
Անցյալ տարի Պուտինը հաստատել է լեզվական քաղաքականության հիմունքները, որոնց համաձայն՝ ռուսաց լեզուն համարվում է «ռուսական պետականության հիմքը», ընդգծում է դրա կապն «ավանդական հոգևոր և բարոյական արժեքների» հետ: Փաստաթուղթը կոչ է անում ռուսներին զերծ մնալ օտար բառերի օգտագործումից, եթե դրանց համարժեքները գոյություն ունեն ռուսերենում։