Վերջին 48 ժամվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ առաջ մղելու հրադադարի նոր նախաձեռնությունը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Այդ նպատակի համար որպես առաջին քայլ Վաշինգտոնն առաջարկել է, որ «Հըզբոլլահը» դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Իսրայելն էլ պետք է զերծ մնա Բեյրութում լարվածության սրացումից։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ դա «տարածություն կստեղծի աստիճանական դեէսկալացիայի և ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցման համար»։
Աղբյուրը պնդել է, որ Լիբանանի առաջնորդը փորձել է առաջ մղել այդ նախաձեռնությունը, սակայն երկրի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի պատասխանը «խուսափողական և հիասթափեցնող» է եղել։ Խոսնակը նշել է, որ կարող է երաշխավորել, որ «Հըզբոլլահը» կպահպանի հրադադարը։ Այնուամենայնիվ, նա կոչ է արել Իսրայելին առաջինը դադարեցնել ռազմական գործողությունները։