ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել «Պահպանելով ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները և ուժեղացնելով ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային համակարգը» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
«Իր ելույթում, ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշեց, որ հարաճող աշխարհաքաղաքական լարվածության և վստահության նվազման պայմաններում առանցքային նշանակություն ունի վերահաստատել հանձնառությունը ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ իրավահավասարությունը, պետությունների տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հանդեպ հարգանքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, և վեճերի խաղաղ կարգավորումը երկխոսության, միջնորդության և դիվանագիտության միջոցով։
Անդրադառնալով կանխարգելիչ դիվանագիտության առաջմղման անհրաժեշտությանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է հանուն խաղաղության կրթության դերակատարությունը փոխադարձ ընկալման, հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ամրապնդման համատեքստում, միևնույն ժամանակ՝ պայքարելով բռնության, այլատյացության և ատելության դեմ։
Հավելվեց, որ Հայաստանը նախաձեռնել և ներկայացրել է «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ՝ խաղաղ, արդար և ներառական հասարակությունների ամրապնդման համար կրթության ողջ ներուժի բացահայտմանը միտված միջազգային ջանքերի մեկտեղման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։