Չնայած մի քանի երկիր խոստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» ընդհանուր առմամբ 17 միլիարդ դոլար հատկացնել, կազմակերպությունը դեռևս ոչ մի գումար չի ստացել իր ստեղծումից չորս ամիս անց: Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ չորս աղբյուրի:
Թերթի տվյալներով՝ առաջընթաց չկա «Խաղաղության խորհրդի» երեք գլխավոր նպատակից ոչ մեկում: Դրանք են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափումը, Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերումը և տարածաշրջանի վերականգնումը: Ընդ որում, պաղեստինյան անկլավի վերականգնմանը չի փոխանցվել «ոչ մի դոլար»:
«Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչը և մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է նոր կազմակերպության աշխատակարգին, նշել են, որ խորհուրդը նվիրատվություններ է ընդունում ուղղակիորեն JPMorgan բանկում իր հաշվի միջոցով՝ Համաշխարհային բանկի կողմից կառավարվող և ՄԱԿ-ի կողմից հաստատված հիմնադրամի փոխարեն:
Ավելին, JPMorgan-ի հաշիվը չի ենթարկվում թափանցիկության որևէ անկախ պահանջի, մինչդեռ Համաշխարհային բանկը պարտավոր է դոնորներին հայտնել Գազայի օգնության հիմնադրամի ֆինանսական վիճակի մասին՝ շարունակում է զեկույցը։
Ապրիլին Reuters-ը հաղորդել էր, որ ներդրում կատարելու խոստում տված ինը երկրից միայն ԱՄԷ-ն, Մարոկկոն և Միացյալ Նահանգներն են դա արել։ Հավաքված ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ դոլարից պակաս։
Փետրվարին Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի նիստում Թրամփը հայտարարեց, որ կազմակերպության անդամ երկրները՝ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը, խոստացել են 7 միլիարդ դոլար տրամադրել Գազայի հատվածին։ Միացյալ Նահանգները պետք է ավելացներ ևս 10 միլիարդ դոլար, իսկ ՄԱԿ-ը՝ 2 միլիարդ դոլար։ Միջոցները, ի թիվս այլ բաների, պետք է փոխանցվեին Խաղաղության խորհրդի կողմից վերահսկվող Գազայի կառավարման ազգային կոմիտեին, որն իրականացնելու էր տարածաշրջանի վերահսկողությունը ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո։