ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է «պլանավորված ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա»։
Ըստ Թրամփի՝ մայիսի 19-ին նախատեսված հարձակումից հրաժարվելու խնդրանքով իրեն դիմել են Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները։ Նրանք կարծում են, որ կկնքվի «Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ու նրա սահմաններից դուրս գտնվող բոլոր երկրների համար միանգամայն ընդունելի համաձայնագիր»:
Սպիտակ տան ղեկավարը հույս ունի, որ Իրանը կհամաձայնի խաղաղության համաձայնագրին, և ԱՄՆ-ը ստիպված չի լինի վերսկսել ռազմական գործողությունները։
Նա հստակեցրել է, որ համաձայնագրի հիմնական պահանջը միջուկային զենքի ստեղծումից Թեհրանի հրաժարվելն է։
Միևնույն ժամանակ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին և ԱՄՆ Զինված ուժերին հրահանգվել է «պատրաստ լինել ցանկացած պահի Իրանի վրա լայնամասշտաբ հարձակման, եթե ընդունելի գործարք չկնքվի»,- հայտարարել Է Թրամփը: