Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ կղզի-պետության դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը կարող է հանգեցնել «արյունալի սպանդի»։
Նա զգուշացրել է, որ եթե Միացյալ Նահանգներն իրականացնի Կուբայի դեմ ռազմական գործողությունների իր սպառնալիքները, դա «կհրահրի արյունահեղություն, որի հետևանքները հնարավոր չէ գնահատել»։ Կուբացի ղեկավարի խոսքով՝ նման գործողությունը «կործանարար ազդեցություն» կունենա խաղաղության և տարածաշրջանային կայունության վրա։
Politico-ն, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ ամերիկյան վարչակազմը սկսել է դիտարկել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, քանի որ պատժամիջոցներն ու վառելիքի շրջափակումը չեն խթանել բարեփոխումները կղզում:
Միաժամանակ Միացյալ Նահանգներն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցները։
Նոր սահմանափակումների թվում են Կուբայի հետախուզության վարչության և ինը ֆիզիկական անձի դեմ պատժամիջոցները։ Դրանք կիրառվում են նաև Կուբայի ներքին գործերի նախարարության և ազգային ոստիկանության, Կուբայի Պետական խորհրդի նախագահի, արդարադատության ու էներգետիկայի նախարարների նկատմամբ: