Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին՝ Միացյալ նահանգներ ուղարկելու փոխարեն։ Այս մասին ասվում է Վաշինգտոնի հետ հակամարտության կարգավորման Թեհրանի վերանայած համաձայնագրի նախագծում, որից հատվածներ է մեջբերել Al Hadath լրատվականը։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Իրանի լրամշակած նախագծում նշվում է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ «ԱՄՆ-ի փոխարեն հարստացված ուրանը Ռուսաստանին փոխանցել որոշակի պայմաններում»: Թե կոնկրետ ինչ պայմանների մասին է խոսքը, տեղեկություններ չեն ներկայացվում։ Իրանը կարող է նաև հրաժարվել պատերազմի ընթացքում ԱՄՆ-ից կրած վնասների համար փոխհատուցման պահանջից, սակայն Թեհրանը մտադիր է «տնտեսական զիջումներ» ստանալ Վաշինգտոնից։
Նաև նշվում է, որ Իրանը ցանկանում է, որ Օմանը և Պակիստանը «նշանակալի դեր խաղան Հորմուզի նեղուցի շուրջ առաջացող ցանկացած հակամարտության հարցում», իսկ միջազգային հանրությունը երաշխավորի ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրը։ Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել Al Hadath-ին, Թեհրանը ձգտում է «առանձնացնել իր միջուկային ծրագրի հարցը Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների լուծումից» և մտադիր է հասնել «իր միջուկային ծրագրի երկարաժամկետ սառեցման՝ դրա ամբողջական վերացման փոխարեն»։