Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։
«Համագործակցությունն օգուտ է բերում, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին։ Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ»,- ասել է Չինաստանի ղեկավարը հանդիպման սկզբում։
Նրա խոսքով՝ երկու երկրների ընդհանուր շահերը գերազանցում են տարաձայնությունները, և այս տարին պետք է պատմական լինի երկրների հարաբերությունների համար։ Սի Ծինփինը նաև զգուշացրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։
Չինաստանի նախագահը նաև նշել է Թայվանի նեղուցում խաղաղության անհնարինությունը Թայպեյի անկախության դեպքում։ Թայվանի խնդիրը ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ամենակարևոր հարցն է, և դրա հետ կապված գրագետ մոտեցումը կերաշխավորի երկու երկրների միջև կայունությունը, հայտարարել է Սին։
«Եթե այս հարցն արդյունավետորեն չլուծվի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կառաջանան հակամարտություններ, որոնք կհանգեցնեն երկկողմ հարաբերությունների լուրջ վատթարացման և երկու երկրներին էլ վտանգավոր դրության մեջ կդնեն»,- զգուշացրել է նա:
Թրամփը շնորհակալություն է հայտնել չինացի գործընկերոջը՝ ընդունելության համար։
«Մեզ մոտ ամեն ինչ ստացվել է, և երբ դժվարություններ են առաջացել, մենք դրանք լուծել ենք։ Ես զանգահարում էի Ձեզ, Դուք զանգահարում էիք ինձ։ Երբ մենք խնդիր էինք ունենում, շատ արագ լուծում էինք այն։ Մենք միասին հիանալի ապագա ունենք։ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավը, քան երբևէ»,- ասել է Թրամփը։
«ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ բիզնես վարել փոխադարձ հիմունքներով: Ինձ հետ բերել եմ աշխարհի առաջատար ձեռնարկատերերին՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: