Սերբիայի պատմության մեջ առաջին անգամ բալկանյան այդ երկրում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ են անցկացվում, հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարարությունը։
«ՆԱՏՕ-Սերբիա» խորագրով զորավարժություններն անցկացվում են դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում և կտևեն մինչև մայիսի 23-ը։ Սերբիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մասնակցելու է մոտ 600 զինվորական Սերբիայից, Իտալիայից, Ռումինիայից և Թուրքիայից, ինչպես նաև դիտորդներ ՆԱՏՕ-ի մյուս երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից։
Սերբիան, ի տարբերություն Բալկաններում իր հարևանների մեծամասնության, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ, և Բելգրադը դա բացատրում է չեզոքության քաղաքականությամբ։ Երկիրը, սակայն, արդեն շուրջ 20 տարի ընդգրկված է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում և պարբերաբար մասնակցում է դաշինքի զորավարժություններին: Սերբիան, միաժամանակ, բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, նշում է AFP-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ երբ 1999 թվականին, Կոսովոյի պատերազմի ժամանակ, ՆԱՏՕ-ի ուժերը ռմբակոծեցին Սերբիան, Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը երկրում զգայուն հարց է դարձել։ Կոսովոյում նախկինի պես ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ գործում է KFOR («Ուժեր Կոսովոյի համար») միջազգային խաղաղապահ առաքելությունը, իսկ Բելգրադը մինչ օրս չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։