ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ հայտնեց՝ ելույթում անդրադառնալու է նաև նախաքննության ժամկետներին:
«Պետք է նշեմ, որ նախաքննության ժամկետների նվազման վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025-ին, ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4 տոկոսը, քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024-ի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3 տոկոսով:
Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝ մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ:
2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ:
Քրեական վարույթներով, գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերականգնված միջոցների միասնական հաշվին և հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39 միլիարդ 895 միլիոն 845 հազար դրամ»,- տեղեկացրեց Վարդապետյանը: