Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ամփոփ տվյալներ ներկայացնելով 2025 թվականին կատարված աշխատանքներից:
Նրա խոսքով՝ 2025 թվականի ընթացքում դատախազության բացառիկ, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառության արդյունքում ՀՀ-ին և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ, շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակ, հողատարածք, անտառային տարածք:
«2025-ին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը:
Այս վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ, վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50 հազար եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ և 878 հազար դրամ»,- հայտնեց Վարդապետյանը՝ տեղեկացնելով՝ երկրորդ վճիռը ուժի մեջ է մտել բոլորովին վերջերս՝ 2026 թվականի ապրիլի 15-ին:
«Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, ենթակա են բռնագանձման՝
-
Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը.
-
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ.
-
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս.
-
2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:
Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա նաև՝
-
934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.
-
1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
-
58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»,- հայտնեց նա։