ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է ազգային անվտանգության և Պետքարտուղարության ֆինանսավորման 2027 ֆինանսական տարվա օրինագիծը, որով ընդլայնված աջակցություն է նախատեսվում Հարավային Կովկասի երկրներին՝ ԱՄՆ ռազմավարական շահերն առաջ մղելու համար։
Օրինագծի համաձայն՝ Հարավային Կովկասի երկրներին միջոցներ կհատկացվեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը, ինտեգրումը և կապակցվածությունն ամրապնդելու, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերությունները զարգացնելու համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանին. հանձնարարվում է 2026 ֆինանսական տարվա համեմատ ավելացնել Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման և Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերի շրջանակում տրամադրվող միջոցները:
Հանձնաժողովը նաև պահանջում է, որ օրինագծի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում պետքարտուղարը Կոնգրեսին ներկայացնի մանրամասն զեկույց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության շրջանակում միջոցների բաշխման և ձեռնարկված գործողությունների վերաբերյալ։
Զեկույցում պետք է նշվեն նախագծի հիմնական գործընկերները, այդ թվում՝ ներդրողները, և նկարագրվի դաշնային գործակալությունների ներկա կամ սպասվող դերակատարումը ԹՐԻՓՓ-ի շինարարության, զարգացման և հաջող գործունեության ապահովման գործում։ Հանձնաժողովի հաստատումից հետո օրինագիծը պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ապա ներկայացվի ԱՄՆ նախագահի ստորագրությանը։