Հանդիպել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը և Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Կողմերը քննարկել են Բաքու-Մոսկվա հարաբերությունները և ընդհանուր հետաքրքրության հարցեր։
Վերջերս էլ Միխայիլ Գալուզինին ընդունել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Պաշտոնյաներն անդրադարձել էին երկկողմ հարաբերություններին քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում: Անդրադարձ էր եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։ Բայրամովը և Գալուզինն ընդգծել էին փոխայցելությունների կարևորությունը։
Նաև ավելի վաղ Բաքուն և Մոսկվան համաձայնել են կարգավորել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ կապված խնդիրները։ Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում 2024 թվականին։ Աղետի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 67 անձանցից 38-ը։ Մոսկվան պարտավորվել է փոխհատուցում վճարել: