Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ստեփանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊՈԱԿ-ում: Նախարարը ծանոթացել է արխիվի շենքային պայմաններին, այդ թվում՝ հիմնանորոգված առաջին հարկին և քաղաքացիների սպասարկման սրահին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Տնօրենի խոսքով՝ վերանորոգված տարածքը ոչ միայն հարմարավետ է դարձրել համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը, այլև նոր կահավորված սրահը, էլեկտրոնային համակարգերով հագեցված աշխատանքային գոտիները և արդիականացված միջավայրը թույլ են տալիս ավելի արագ, հարմար և արդյունավետ ծառայություններ մատուցել քաղաքացիներին, այցելուներին և հետազոտողներին:
Նախարարին ներկայացվել է այս պահին գործող ցուցադրությունը՝ «Բացառիկ վավերագրեր Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից»։ Ցուցադրության մեջ ընդգրկված են արխիվի առանձնահատուկ եզակի ֆոնդերից ընտրված ինքնատիպ վավերագրեր՝ սկսած պահպանվող ամենահին փաստաթղթից մինչև մերօրյա բնագիր, գունեղ փաստաթղթեր ու լուսանկարներ։ Ցուցասրահում առանձին անկյուն է հատկացված նաև իրավական փաստաթղթերին։
Ազգային արխիվի զարգացմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար Արթուր Ստեփանյանը նախարարին է հանձնել Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված՝ «Սիմոն Երևանցի» հուշամեդալ։
Ազգային արխիվում կամավորների կողմից ներկայում իրականացվում են նաև Պրոբացիայի ծառայության փաստաթղթերի թվայնացման աշխատանքներ: Նախարարը զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել կամավորներին իրենց կատարած աշխատանքի համար:
Շրջայցի ավարտին նախանշվել են Ազգային արխիվի գործունեությունը պատշաճ և որակով իրականացնելու հետագա աշխատանքները: