Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի առանցքում ՊԵԿ ռազմավարական զարգացմանն ուղղված թվայնացման նախագծերի և դրանց իրականացման առաջնահերթությունների քննարկումն էր։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հատկապես կարևորել է ՊԵԿ-ի ռազմավարությունից, համապատասխան օրենքներից և ենթաօրենսդրական իրավական ակտերից բխող թվայնացման կարիքների գնահատումը, խնդիրների հստակեցումն ու համապատասխան լուծումները։ Նիստի ընթացքում «Ջի սոլյուշնս» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել են մշակված ՊԵԿ թվայնացվող նախագծերի կառավարման Dashboard-ը, ինչպես նաև ՊԵԿ-ի ռազմավարությամբ և Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված կիսամյակային առաջնահերթ թվայնացվող նախագծերի ընթացքը։ Քննարկվել են ներկայացված հարկային ու մաքսային համակարգերի թվայնացման նախագծերը՝ սահմանելով ռազմավարական առաջնահերթությունները: Անդրադարձ է եղել առկա մարտահրավերներին, ընթացիկ նախագծերի իրականացման տեխնիկական խնդիրներին, ինչպես նաև թվայնացման ենթակա համակարգերին ու ժամկետներին:
Միաժամանակ, խորհրդի անդամներն ակտիվ քննարկել են ՊԵԿ-ի թվայնացման նոր նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել ընթացիկ ծրագրերի զարգացման առաջարկներ։ Մասնավորապես, կարևորվել է թվային հարթակի ներդրման միջոցով հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը: Դիտարկվել են նաև ՊԵԿ-ի ներքին համակարգերի կատարելագործումն ու թվայնացման հնարավորությունները: Ներկայացվել է վիճակագրական տվյալները մեկ միասնական հարթակում հրապարակելու նախագծի առաջարկ, որը հավանության է արժանացել խորհրդի անդամների կողմից:
ՊԵԿ համակարգերի վերափոխման գործընթացում կարևորվել են միջազգային փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը:
Ամփոփելով նիստը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է ՊԵԿ-ի ռազմավարությունից և Կառավարության ծրագրից բխող միջոցառումների արդյունավետ իրականացումը, հաշվետվողականությունն ու ժամկետների պահպանման նկատմամբ հետևողականությունը։ «Ջի սոլյուշնս» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է շարունակել ակտիվ համագործակցությունը ՊԵԿ-ի ստորաբաժանումների հետ՝ ապահովելով թվայնացման նախագծերի հետևողական կառավարումը։