ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների՝
-
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից,
-
Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունից,
-
Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից,
-
հանրաճանաչ պարային խմբերից,
-
ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից,
-
ՀՀ մարզերում գործող պարային խմբերից:
Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Պարի միջազգային օրվա միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի կենտրոնում․
-
ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառումը, որը կազդարարի տոնական օրվա ծրագրի մեկնարկը.
-
ժամը 18:00-ին` Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում միաժամանակ կմեկնարկեն պարային ֆլեշմոբեր.
-
ժամը 19:00-ին` Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:
ԿԳՄՍ նախարարությունը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հրավիրում են բոլորին՝ միանալու տոնին և մասնակցելու «Արի՛, պարի՛» նախաձեռնությանը՝ դառնալով հայկական պարի կրողն ու տարածողը։