Հավանություն է տրվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով տրվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, սահմանվել են դիվանագիտական գրասենյակներ ստեղծելու համար անհրաժեշտ իրավակարգավորումներ։
Վերանայվել են դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները: Վերջիններիս աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով պաշտոնավարման առաջին ժամկետը սահմանվել է առավելագույնը 5 տարի:
Միաժամանակ, պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում պաշտոնի նշանակվելու դեպքում երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին։
Նախատեսվել է դիվանագիտական ներկայացուցիչներին ծառայության ընթացքում խորհրդակցությունների կանչելու մասին դրույթ, հստակեցվել են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները։ Ռոտացիոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով վերանայվել է դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով տասնութ ամիս: