Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը միշտ ողջունել է երկխոսությունը, իսկ անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտներն են հանձնառությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները: Իրանի խորհրդարանի խոսնակն էլ հայտարարել է, որ համապարփակ հրադադարն իմաստ կունենա, եթե չուղեկցվի ծովային շրջափակումով, և եթե Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ Հորմուզի նեղուցի վերաբացումն անհնար կլինի հրադադարի լուրջ խախտումների դեպքում: Իր հերթին, արտգործնախարար Աբբաս Արաղչին Հարավային Կորեայի հատուկ բանագնացի հետ հանդիպմանը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության վրա ստեղծված իրադրության հետևանքների պատասխանատուն ագրեսորներն են: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրադադարը երկարաձգելու մասին, մինչև Իրանը կներկայացնի իր առաջարկները, և քննարկումները կավարտվեն: Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել Իրանի առաջարկները ստանալու համար:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը չեղարկել է ութ կին ցուցարարների մահապատիժը: Նրանցից չորսն անմիջապես ազատ կարձակվեն, մյուս չորսը մեկ ամիս կմնան ազատազրկման մեջ: «Ես բարձր եմ գնահատում, որ Իրանը և նրա առաջնորդները հարգեցին խնդրանքս՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, և դադարեցրին նախատեսված մահապատիժը»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Իրանական կողմն էլ հերքել է ութ կանանց մահապատժի ենթարկելու մասին տեղեկությունը: Ըստ Իրանի դատական համակարգի հետ կապված «Միզան» գործակալության՝ Թրամփը մոլորության մեջ է հայտնվել կեղծ լուրերի պատճառով և փորձել է դա ներկայացնել որպես իր ձեռքբերում: Գործակալությունը գրել է, որ մի քանի կին արդեն ազատվել է, մյուսներին էլ մեղադրանք է առաջադրվել, որը կարող է հանգեցնել ազատազրկման, ոչ մահապատժի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան