Երևանի պետական համալսարանում անցկացվել է AI Conf 2026 արհեստական բանականության ոլորտի համաժողովը, որը համախմբել է ոլորտի առաջատար մասնագետների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, ուսանողների և երիտասարդ հետազոտողների՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների և հետազոտողների ներգրավվածությունը ոլորտում, ներկայացնել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները և նպաստել գիտության, կրթության և արդյունաբերության միջև համագործակցության զարգացմանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Իր ելույթում Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին՝ նշելով, որ ձևավորվող ենթակառուցվածքներն ու նախաձեռնությունները կարևոր հիմք են ստեղծում գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման համար։ Սիմոնյանի խոսքով՝ այդ համատեքստում վերջերս ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերության հետ ստորագրել է 25 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր՝ ուղղված ժամանակակից հաշվարկային ռեսուրսների հասանելիության ապահովմանը․ հնգամյա այս ծրագիրը նպատակ ունի աջակցել ուսանողներին, հետազոտողներին և ստարտափներին։
Համաժողովի շրջանակում անցկացվել է «ԱԲ ոլորտում պետական ծրագրերը» պանելային ձևաչափով քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Քննարկման ընթացքում նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է պետական կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին և ոլորտի զարգացման ենթակառուցվածքային քայլերին, ինչպես նաև ներկայացրել է կատարվող աշխատանքերը։
ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ ԱԲ տեխնոլոգիաները կարող են էականորեն նպաստել արտադրողականության բարձրացմանը՝ միաժամանակ պահանջելով պատասխանատու մոտեցում՝ հաշվի առնելով դրանց կիրառման հետ կապված ռիսկերն ու պատասխանատվության հարցերը։ Նա նշել է, որ ներկայումս դիտարկվում են մի շարք ուղղություններ պետական համակարգում ԱԲ գործիքների կիրառման համար, այդ թվում՝ տվյալների վերլուծությունը, ծառայությունների արդյունավետության բարձրացումը և առանձին գործընթացների պիլոտային կիրառությունները։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԲՏԱ նախարարության՝ արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ ռազմավարական նախաձեռնությանը, որը հասանելի է ai.gov.am հարթակում։
ԱԲ վիրտուալ ինստիտուտը բաց և համագործակցային հարթակ է, որը միավորում է հետազոտողներին, ուսանողներին, ստարտափներին և ոլորտի մասնագետներին՝ նպաստելով արհեստական բանականության ոլորտում նորարարությունների զարգացմանը, գիտելիքի փոխանակմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Այն միտված է նաև տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը և տեղական տաղանդի զարգացմանը Հայաստանում։