ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագիրը։
Ծրագրի 7-րդ բաժինը վերաբերում է ներքին անվտանգությանը։
«Ներքին անվտանգության ապահովման հայեցակարգը նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին, և այս տրամաբանությամբ լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է»,- ասվում է ծրագրում։
Վարչապետն ընդգծել է՝ ընդհանրապես բոլոր հարաբերություններում է լեգիտիմությունն առանցքային գործոն։
«Ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է՝ ժողովուրդը, և պետություն ունենալու նրա գործնականացված կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների և ինստիտուտների անառարկելի լեգիտիմությամբ։
Ցանկացած պետություն իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով իրականացնում է սահմանափակումներ. առանց սահմանափակումների կիրառման հնարավոր չէ ապահովել իրավունքներ և ազատություններ։ Այդ սահմանափակումներն արտահայտվում են օրենքների, Կառավարության և այլ մարմինների որոշումների, դատական ակտերի տեսքով։
Սա ինքնին լարում է առաջացնում պետության և քաղաքացու միջև, որը ներքին անվտանգության լրջագույն խնդիր է։ Այս լարումը չեզոքանում է միայն այն պարագայում, երբ քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև կա օրգանական կապ․ ասել է թե՝ երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից և համաձայնությունից, այսինքն՝ լեգիտիմ է»,- ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը։