Երևանում կայացել է համայնքային երիտասարդական քաղաքականություններին նվիրված առաջին ազգային համաժողովը՝ որպես կարևոր քայլ Հայաստանում համայնքային մակարդակում երիտասարդական քաղաքականությունների ձևավորման և իրականացման ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառումը կազմակերպել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Բաց կառավարման գործընկերության համագործակցությամբ։
Համաժողովի նպատակն էր աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց համայնքներում երիտասարդական քաղաքականությունների մշակման գործընթացում՝ խթանելով 2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի արդյունավետ կիրարկումը։
Համաժողովը մեկ հարթակում էր համախմբել ՏԻՄ–երի, պետական կառույցների և երիտասարդական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչների։ Երկու օրերի ընթացքում մասնակիցները քննարկել են օրենքի կիրառման գործնական կողմերը, մասնակցել «Երիտասարդական քաղաքականության մասին ՀՀ օրենքի իրականացումը համայնքային մակարդակում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը, ինտերակտիվ աշխատարանների, ինչպես նաև անդրադարձ կատարել երիտասարդների մասնակցության խթանման մեխանիզմների ներդրմանը և զարգացմանը ՀՀ համայնքներում։
Քննարկումների ընթացքում շեշտադրվել են երիտասարդների ներգրավվածության արդյունավետ և կայուն մեխանիզմների ձևավորման կարևորությունը, տարբեր դերակատարների միջև համագործակցության անհրաժեշտությունը և համայնքային մակարդակում քաղաքականությունների իրականացման ընթացքում առկա խոչընդոտների հաղթահարման ուղիները։ Համաժողովի արդյունքում ձևավորվել են մի շարք գործնական առաջարկներ, որոնք կծառայեն որպես հիմք համայնքային երիտասարդական քաղաքականությունների մշակման և իրականացման միասնական, մասնակցային և կիրառելի մոտեցումների ձևավորման համար։ Ակնկալվում է, որ այս գործընթացը կնպաստի նաև ազգային և համայնքային մակարդակներում համագործակցության կայուն մեխանիզմների զարգացմանը։ Համաժողովից հետո գործընթացը կշարունակվի մարզային քննարկումների և խորհրդակցությունների միջոցով, որոնց ընթացքում կմշակվեն և կլրամշակվեն ներկայացված մոտեցումները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը տարբեր համայնքների կարիքներին։