2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դատարաններում ապօրինի գույքի վերադարձի 155 հայց է քննարկվում՝ ընդհանուր առմամբ 595 մլրդ հայցագնով: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:
«Պիտի ուղիղ խոստովանեմ, որ մենք այստեղ ավելի մեծ տեմպեր էինք և ենք ակնկալում, քան ունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ միայն քաղաքացիական գործերով, այլև հանցագործությունների բացահայտման առումով բավարար տեմպով առաջ չեն գնում:
«Ուղիղ և առանց սեթևեթանքի ասում եմ, որ սրա պատճառներից մեկն այն է, որ մենք այստեղ շատ ուղիղ և ճակատային կերպով պայքարում ենք մաֆիայի դեմ, երկար տարիներ Հայաստանում ձևավորված, համակարգված մաֆիայի դեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին՝ ուղղված ապօրինի գույքի վերադարձի մասով Կառավարության գործողությունների անարդյունավետությանը՝ Փաշինյանը նկատեց. «Նրանք մեզ մեղադրում են բավարար տեմպով չանելու մեջ, և մենք ենք միակ քաղաքական ուժը, որը մինչև հիմա որևէ շեղում չի տվել քաղաքական այս ուղեգծից, երկրորդն էլ՝ մենք միակ ուժն ենք, որ հետևողականորեն այս թեզը շարունակում ենք պահել մեր քաղաքական օրակարգում»: