Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման և մաքառման՝ իրեն պարտադրված օրակարգը և մտել ապրելու, պարզապես ապրելու, սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը 29743 քառակուսի կիլոմետր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն զարգացնելը և այն որպես անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած, բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելը՝ սերնդեսերունդ և դարեդար: Այս մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ապրել, կրթվել, աշխատել, զարգացնել բարեկեցությունը, խաղաղությունը, զարգացնել պետությունն ու այն դարեդար ժառանգել սերունդներին: Ահա այսպիսի հրաշալի պատմական առաքելության մեջ ենք մենք հայտնվել, որն անվանում ենք պետության հարատևության օրակարգ»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ի, Կառավարության, ՏԻՄ ներկայացուցիչներին այս շրջադարձային, դարակազմիկ հանգրվանը իրականություն դարձնելու համար:
«Ուզում եմ նաև ընդգծել, որ այս հանգրվանին հասնելը հնարավոր դարձավ առաջին հերթին ժողովրդի աջակցության շնորհիվ, որովհետև Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ոչինչ չէին կարող անել, եթե չունենային ժողովրդի մանդատն ու աջակցությունը, եթե չունենայինք լեգիտիմություն՝ իրագործելու այն քաղաքականությունը, որը վարել ենք 2021 թվականից սկսած: Իսկ այդ մանդատը հստակ և աներկբա արձանագրված է, և այս նրբության վրա ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել՝ իսկ այդ մանդատը հստակ և աներկբա արձանագրված է 2021 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատված այն փաստաթղթում, որի կատարման ընթացքն ու արդյունքները քննարկում ենք հիմա: Խոսքը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին է»,- ընդգծեց վարչապետը:
Նա հիշեցրեց՝ իրենք դեռ 2021-ին են հայտարարել, որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը, և այդ գերագույն նպատակն իրագործված է: